«Աբովյան», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի եռափուլ ծրագիրը
մարտի 14, 2025
ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել է «Ներուժի բացահայտում․ հզորացումը որպես դատապարտյալների վերաինտեգրման և կայուն ապագայի ուղի» ծրագիրը, որն իրականացվում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։
Երեք փուլից կազմված ծրագրի նպատակն է սոցիալական և մասնագիտական հմտությունների տրամադրման ու զարգացման միջոցով հասնել պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց տնտեսական կայունությանը, իսկ պատժի կրումից հետո՝ հասարակության մեջ վերաինտեգրման արդյունավետության բարձրացմանը։
Ծրագրի առաջին փուլում ազատազրկված անձանց համար իրականացվում է «Սոցիալական հմտություններ» դասընթացը՝ «Արդյունավետ հաղորդակցություն», «Կոնֆլիկտների հանգուցալուծում», «Որոշումների կայացում», «Թիմի կառուցում» թեմաներով։ Դասընթացը նպատակ ունի նախապատրաստել մասնակից ազատազրկված անձանց աշխատանքին և աշխատաշուկային՝ շեշտը դնելով աշխատող-գործատու-հաճախորդ հարաբերություններում առաջացող խնդիրների և դրանց արդյունավետ լուծման վրա։
Դասընթացը վարում են հոգեբաններ Արմինե Ադամյանը և Կարեն Թորոսյանը։ Դասընթացներին ներկա են նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը և քրեակատարողական հիմնարկների համապատասխան ոլորտի մասնագետները։
Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացնել ուլունքագործության, «Արմավիր» ՔԿՀ-ում գրաֆիկական դիզայնի, իսկ «Սևան» ՔԿՀ-ում կավագործության դասընթացներ։
Երրորդ փուլում նշված հիմնարկներում դասավանդվելու է «Զբաղվածության պատրաստվածություն» դասընթացը՝ «Բիզնես հմտություններ», «Բյուջետավորում», «Ռեզյումեի կազմում», «Աշխատանքային հարցազրույցի պատրաստում» թեմաներով։