1. Արտաքին ազդարարումն սկսվում է ազդարարի կողմից իրավասու մարմին հաղորդում ներկայացնելով:
2. Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի աշխատակցին, ապա ազդարարումը կատարվում է իրավասու մարմնի ղեկավարին: Եթե հաղորդումը վերաբերում է իրավասու մարմնի ղեկավարին, ապա այն ներկայացվում է իրավասու մարմնի վերադաս մարմնի ղեկավարին: Իրավասու մարմնի վերադաս մարմնի բացակայության դեպքում հաղորդումը ներկայացվում է համապատասխան մարմնի հանրային ծառայողի էթիկայի հանձնաժողով
(առկայության դեպքում), իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում լիազոր մարմին:
3. Իրավասու մարմինը՝
1) ապահովում է հաղորդման անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.
2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում հաղորդման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.
3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.
4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում հաղորդման իսկությունն ստուգելու նպատակով.
5) իր իրավասության շրջանակներում հաղորդման իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.
6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.
7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.
9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:
Թվարկված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
4. Եթե ազդարարը համաձայնություն չի տվել իր անձնական տվյալները բացահայտելու վերաբերյալ, ապա մարմինը, որը ստացել է ազդարարի ներկայացրած հաղորդումը և իրավասու չէ վարույթ հարուցելու, պարտավոր է մինչև հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելը ստանալ ազդարարի նախնական համաձայնությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ազդարարի համաձայնության բացակայության դեպքում հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության՝ առանց ազդարարի անձնական տվյալները բացահայտելու: