«Ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառումը Հարավային Կովկասում» խորագրով տարածաշրջանային գիտաժողով Թբիլիսիում
հուլիսի 21, 2015
Հուլիսի 15-ից 18-ը Վրաստանի Հանրապետության Թբիլիսիքաղաքում տեղի ունեցավ «Ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառումը Հարավային Կովկասում» խորագրով տարածաշրջանային գիտաժողով:
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի Հանրապետություն էին մեկնել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պատվիրակությունը`բաժնի պետ Լ. Ավետիսյանի գլխավորությամբ, ՀՀ ԱՆ փորձագետներ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Վրաստանի Պրոբացիոն ծառայության կենտրոնական գրասենյակում Հայաստանյան պատվիրակությանը ներկայացվեցին ծառայության գործունեությունը, կառուցվածքը, պրոբացիոն ծառայության շրջանակներում իրականացվող նորամուծությունները: Այնուհետ ապատվիրակությունն այցելեց ազատության սահմանափակումն իրականացնող հաստատություն, ուր հանգամանորեն ներկայացվեցին հաստատության աշխատանքները, իրականացվող հոգեբանական և սոցիալական աշխատանքները, դատապարտյալների համար նախատեսված ուսումնական դասընթացները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լ. Ավետիսյանը գիտաժողովին հանդես եկավ «Պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը» թեմայով զեկուցմամբ, իսկ ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ պետի տեղակալ Է. Ավագյանը ներկայացրեց «Այլընտրանքային պատիժների կատարման բաժին. կառուցվածքը և գործունեությունը» թեման:
ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ պետ Լ. Ավետիսյանը Թբիլիսիում հանդիպեց նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յու. Վարդանյանի հետ: Քննարկվեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և Վրաստանի Հանրապետության պատիժների և պրոբացիայի նախարարության հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: