Կրթական

Ազատազրկված անձանց հանձնել են հավաստագրեր

դեկտեմբերի 27, 2021

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2021 թվականի փետրվարի 23-ից դեկտեմբերի 10-ը ներառյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 01-ի N 22-Ա հրամանով հաստատված «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը, որին մասնակցել է շուրջ 20 դատապարտյալ։ Ծրագրի շրջանակում իրականացվել են «Հայագիտություն և մշակույթ», «Օտար լեզու/անգլերեն,ռուսերեն/», «Համակարգչային հմտություններ» դասընթացները:

Ավարտական հավաստագրեր են ստացել դասընթացներին մինչև վերջ մասնակցած 14 մասնակից:

Հիմնարկի վարչակազմը և դասավանդող անձինք շնորհավորել են մասնակիցներին՝ հավաստելով, որ դասընթացների կազմակերպումն ու անցկացումը կրելու են պարբերական բնույթ, և ուրախ կլինեն, եթե յուրաքանչյուր անգամ ավելանա մասնակիցների թիվը։

Նույն հիմնարկի ցմահ դատապարտյալ, 36-ամյա Թաթուլ Միրզոյանին էլ տրվել է ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ-ի անդամատոմս և հավաստագիր։ Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Թ․ Միրզոյանը գրանցել էր իր հերթական ռեկորդը՝ յուրաքանչյուր ձեռքում մեկական 16 կգ կշռաքարը ուսագոտուց միաժամանակ հրելով վեր 80 անգամ 2 րոպե 22 վայրկյանում։ 
Դեկտեմբերի 29-ին էլ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագրի մոդուլ ձևաչափով դասընթացին մասնակցած 1 կալանավորված անձի և 1 դատապարտյալի ավարտական հավաստագրերի հանձնում, որից հետո հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների խմբի կողմից կազմակերպվել է ամանորյա նախատոնական հանդիպում-քննարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ։