Ազատազրկված անձինք պատրաստվում են շախմատի միջազգային մրցաշարերի․ Ծովինար Թադևոսյանը հետևել է խաղին
մարտի 07, 2025
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցությամբ մարտի 6-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի միջհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 32 դատապարտյալ «Արմավիր», «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Դատապատյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներից։
Խաղին հետևել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և այլ հյուրեր։
Ծովինար Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել անձամբ Սմբատ Լպուտյանին և Շախմատի ակադեմիային՝ հերթական անգամ ազատազրկված անձանց մասնակցությամբ առաջնությունները պատվով կազմակերպելու համար, և հաջողություն մաղթել խաղացողներին՝ նշելով, որ շախմատը ոչ միայն ազատ ժամանակն արդյունավետ անցկացնելու լավագույն միջոցներից է, այլ նաև մտածելակերպ է, և շախմատային հմտությունների զարգացումը կարող է դրականորեն նպաստել կյանքի հետագա փուլերի բարելավմանն ու կատարելագործմանը։
Սմբատ Լպուտյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ծառայությանը՝ շախմատային մրցաշարերի անցկացման հնարավորություններ ստեղծելու համար, և հաղթանակ մաղթել լավագույններին։
Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում հաղթող են ճանաչվել դատապարտյալներ Վալերի Թումասյանը, Ռոբերտ Սարգսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, Գեղամ Դավեյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, Անդրանիկ Ասրյանը, Արթուր Մկրտչյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկից և Ալբերտ Վարդանյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Եվս երեք դատապարտյալ ընտրվել են որպես պահեստային խաղացողներ։
Նշված մասնակիցներից կազմվելու է ազատազրկված անձանց ազգային հավաքականը, որը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը մայիսին կայանալիք մայրցամաքային առաջնությանը և հոկտեմբերին կայանալիք դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը։ Նրանց հետ աշխատելու է և առաջնություններին պատրաստելու մրցավար, մարզիչ Վահե Պողոսյանը։