Մշակութային

Ազատազրկված կանայք ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները

սեպտեմբերի 01, 2020

Գտնվել անազատության մեջ դեռևս չի նշանակում ամբողջությամբ կտրված լինել արտաքին աշխարհից։ Այս իրողությունը հերթական անգամ փաստեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված կանայք, որոնց մասնակցությամբ և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին հիմնարկում կազմակերպվել էր ցուցահանդես։ 

Ներկայացվել էին դատապարտյալ կանանց ձեռքի աշխատանքները ստեղծագործական տարբեր ոճերով՝ կոլաժային, կավագործական, բատիկա, ապակյա իրերի վրա նախշազարդումներով և այլն։ Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների շրջանակներում, որոնք  հակահամաճարակային սահմանափակումների պատճառով շարունակվում են կազմակերպվել օնլայն տարբերակով։ 

Ցուցահանդեսին, որին ներկա են եղել և՛ դատապարտյալ կանայք, և՛ հիմնակի աշխատակազմը, բացման խոսքով հանդես է եկել «Ինքնագործ մշակութային միավորման» խմբի ղեկավարը, որը յուրովի և բովանդակալից ներկայացրել է յուրաքանչյուր աշխատանք։ 

Այնուհետ ազատազրկված կանայք հայտնել են երախտիքի խոսքեր հիմնարկի վարչակազմին, ցուցահանդեսի կազմակերպիչներին, ՊՈԱԿ-ին՝ իրենց կյանքի այս դժվարին փուլը մասամբ լիարժեք և ստեղծագործական դարձնելու համար։