Հոգևոր

Ազատազրկված կանայք նշել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնը

հունիսի 14, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալները հունիսի 14-ին կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Ս․ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին։ 

Տոնին նվիրված միջոցառմանը ներկա է եղել «Աբովյան» ՔԿՀ-ի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը, որը խոսել է օրվա խորհրդի և դրան հաջորդող պահոց շրջանի, հոգևոր արժեքների մասին։ Միջոցառումն ավարտվել է մասնակիցների ամփոփիչ խոսքով և քահանայի  հետ միասնական  աղոթքով։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սբ․ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոներից երրորդը՝ նշխարների գյուտը, տոնում է Հոգեգալստի չորրորդ շաբաթ օրը։ Ըստ ավանդության՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին։ Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք չճանաչելով մահացած կաթողիկոսին, համարում են սովորական ճգնավոր և մարմինը ծածկում քարերով։ Հետագայում Ս․ Գրիգոր Լուսավորիչն իր աշակերտներից մեկին տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղը։ Նրա մասունքները համարվում են քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից մեկը։