«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպվել են դասընթացներ «Արթիկ» ՔԿՀ-ում
մարտի 09, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 2022 թվականի փետրվարից մեկնարկել են մասնագիտական ուսուցման դասընթացներ, որոնք ուղղված են ազատազրկված անձանց զբաղվածությունն արդյունավետ օգտագործելուն և հատկապես հետագայում վերջիններիս աշխատանքային ընտրությունը ավելի մատչելի դարձնելուն։ Դասընթացները կազմակերպել են «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից «Անարգելք կրթություն․ նոր հնարավորություններ» ծրագրի շրջանակներում, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ։
Դասընթացներին նախորդել էին հարցումներ ազատազրկված անձանց շրջանում, որոնց նպատակն էր ուսումնասիրել վերջիններիս կրթության նախընտրությունները, վեր հանել նրանց կրթական կարիքներն ու իրավունքների ապահովման համար առաջարկվող քայլերը։ Եվ այդ ուսումնասիրության արդյունքում ձևավորված առաջարկներից ելնելով էլ կազմակերպվել են «Համակարգչային հմտություններ», «Կահույքագործություն» և «Շինարարական հմտություններ» ուսուցման դասընթացները, որոնք անցկացվելու են 2 փուլով և ավարտվելու են հունիսին։