Ամբակում Գրիգորյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը
դեկտեմբերի 27, 2023
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Յունգ Սանգ Սինգին, հյուպատոսական վարչության աշխատակիցներ Լի Դոնգխվային և Հասմիկ Ճաղարյանին։
Հանդիպմանը, ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացիների պահման պայմանների առանձնահատկությունները, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունում Կորեայի կալանավորված կամ դատապարտված քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակման հարցերը։
Պատվիրակության անդամները նաև խնդրանքով դիմել են Ամբակում Գրիգորյանին` այցելելու ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Կորեայի Հանրապետության քաղաքացուն։ Ծառայության պետը տեղեկացրել է հյուրերին, որ վերոնշյալ քաղաքացուն հիմնարկ ընդունվելու պահից տրամադրվել է թարգմանիչ՝ նրա կենցաղային խնդիրների արդյունավետ լուծման, բժշկական ծառայությունների, իրավունքների իրացման և պարտականությունների պատշաճ կատարման համար։
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել Ամբակում Գրիգորյանին ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել համագործակցելու նաև հետագայում։
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության կցորդ Յունգ Սանգ Սինգն այցելելու է նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Կորեայի Հանրապետության քաղաքացուն։