Այբուբենի գաղտնիքները, քրիստոնեությունը և հայերի ծագումնաբանությունը թեմայով միջոցառում անազատության մեջ գտնվող անձանց համար
ապրիլի 02, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի կողմից շարունակվում են անազատության մեջ հայտնված մարդկանց կրթության իրավունքի իրացման և ստեղծագործ մտքի խրախուսման ուղղությամբ կատարվող միջոցառումները, որոնք խթան են հանդիսանում ավելի ընդլայնելու դատապարտյալների աշխարհայացքի և վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ իրագործմանը:
«Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրերս կայացել է «Քրիստոնեության ընդունումը, հայ գրերի գյուտը» խորագիրը կրող միջոցառումը, որին մասնակցել է շուրջ հիսուն դատապարտյալ: Հայաստանում քրիստոնեության ընդունման և գրերի գյուտին վերաբերող նյութը ութ դատապարտյալների կողմից պատկերավոր և հետաքրքիր ներկայացվել է միջոցառման մասնակիցներին:
Նշենք, որ թեմատիկ նյութերը ներկայացնող դատապարտյալների հետ ՊՈԱԿ-ի մասնագետները շուրջ երկու ամիս իրականացրել են համապատասխան աշխատանքներ: Թեման ներառում էր համապարփակ տեղեկատվություն: Միջոցառումն ավարտվել է քննարկմամբ, մասնակիցների կողմից առաջարկվել են թեմատիկ նոր գաղափարներ հետագա նմանատիպ միջոցառումների համար: