Անչափահաս ազատազրկված անձանց ստեղծագործական մտքերը գույների և կավի միջոցով
մարտի 05, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հաճախ իրականացվող տարբեր ձևաչափերի միջոցառումները ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ սահմանափակ ազատությունը խոչընդոտ չի կարող լինել ստեղծագործ մտքի և հոգու ինքնարտահայտմանը։
Այդ մասին է վկայում այսօր՝ փետրվարի 5-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված հերթական ցուցահանդեսը, որն իրականացվել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Նունե Միքայելյանի նախաձեռնությամբ։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են հինգ անչափահաս կալանավորված անձանց նկարչական և խեցեգործության աշխատանքները՝ ուշագրավ անվանումներով՝ «Երազանք», «Թռիչք», «Գիշեր», «Ես և նա», «Սպասում», «Սեր», «Քամի» և այլն։
Միջոցառմանը ներկա են եղել քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, աշխատակիցները, Ծառայության կենտրոնական մարմնի և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ստեղծագործությունների հեղինակները։