Պաշտոնական

Աշխատանքային այցով Քրեակատարողական ծառայության պետի տեղակալները եղել են «Աբովյան», «Սևան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում

փետրվարի 03, 2023

2023 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը աշխատանքային այցով եղել է «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ տեղակալ, արդարադատության գնդապետ Թադևոս Նալբանդյանն այցելել Է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: 

Այցերի նպատակն էր քրեակատարողական հիմնարկների՝ 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքների ամփոփումը, ինչպես նաև թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման դեմ տարվող միջոցառումների արդյունավետության գնահատումն ու բարձրացման եղանակները:

«Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում Արտակ Առուստամյանին ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում նշված հիմնարկների յուրաքանչյուր ստորաբաժանման կողմից իրականացված աշխատանքների թվային համեմատական տվյալները, առաջնային կարիքներն ու խնդիրները:

«Սևան» քրեակատարողական հիմնարկում կատարվել են տարածքի բարեկարգում, ծառատունկ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել դատապարտյալների հանրակացարաններում, բնակելի գոտու մասնաշենքերում կառուցվել են թեքահարթակներ հենաշարժողական խնդիրներ ունեցող դատապարտյալների համար, բնակելի գոտու մասնաշենքերից մեկը վերանորոգվել և վերափոխվել է փայտամշակման արհեստանոցի, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ի թիվս այլ աշխատանքների, կապիտալ վերանորոգումներ են իրականացվել լոգասենյակներում և սանհանգույցներում: 

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում անցկացված խորհրդակցության ընթացքում Ծառայության պետի տեղակալ Թադևոս Նալբանդյանի հետ քննարկման առարկա են դարձել նաև 2021-2022թթ. կատարված աշխատանքների համատեքստում համեմատական ցուցանիշների աճի և նվազման պատճառները: Կարևորվել են նաև հացադուլ հայտարարող, ինչպես նաև ինքնավնասման հակումներ ունեցող ազատազրկված անձանց հետ պարբերաբար տարվող հոգեբանական աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցերը:

Արտակ Առուստամյանն ու Թադևոս Նալբանդյանը շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկներում, ծանոթացել ազատազրկված անձանց պահման ներկա պայմաններին, խոսել են ազատազրկված անձանց հետ, լսել նրանց հուզող հարցերն ու խնդիրները: 

Հաշվետու խորհրդակցությունների և շրջայցերի արդյունքներով Ծառայության պետի տեղակալները, անդրադառնալով վերհանված խնդիրներին ու թերություններին, տվել են համապատասխան հանձնարարականներ: