Աշխատանքային այց` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»
մարտի 25, 2026
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում», որտեղ 2025 թվականին գործարկվել է 20 մահճակալի համար նախատեսված հոգեբուժական օգնության և սպասարկման բաժանմունք՝ նախատեսված ազատազրկված անձանց նեղ մասնագիտական բժշկական սպասարկման համար։
Բուժառու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով Ծովինար Թադևոսյանը Կենտրոնի տնօրեն Արտակ Ջումայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, այցելել է հիվանդասենյակներ, զբոսահրապարակ, զրուցել ազատազրկված անձանց հետ, ծանոթացել նրանց մատուցվող սննդին և օրվա ճաշացանկին։
Շրջայցի ավարտից հետո ընթացակարգային հարցերի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով Ծովինար Թադևոսյանի և Արտակ Ջումայանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել փաստաթղթային և կանոնակարգային գործընթացներին, ինչպես նաև ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի կազմակերպման հարցերին։
Բացի այդ՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» մասնագետները վերապատրաստումներ կանցկացնեն քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ նպաստելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց հետ արդյունավետ աշխատանքի հմտությունների և հաղորդակցման կարողությունների զարգացմանը։