Աշխատանքային հանդիպում քրեակատարողական ծառայությունում
մայիսի 10, 2016
Մարտի 9-ին, համաձայն նախնական պայմանավորվածության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում տեղի ունեցավ ՔԿՎ պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանի և կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Հ. Քոչինյանի աշխատանքային հանդիպումը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամների հետ, խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակը օրեր առաջ Խմբի կողմից բարձրաձայնված հարցն էր, ըստ որի` նրանց արգելվել էր առանձնազրույց ունենալ դատապարտյալի հետ:
Խնդրո առարկա դարձած հարցի կապակցությամբ Քրեակատարողական վարչությունն արդեն իսկ հանդես էր եկել պարզաբանմամբ, և այս հանդիպման ընթացքում քննարկվեցին այն ուղիները, որոնք վերոնշյալ հարցին կարող էին համապատասխան լուծում տալ:
Մասնավորապես, Խմբին առաջարկվեց հանդես գալ համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկությամբ, ինչի արդյունքում կբացառվեն օրենքի տարընկալմամբ պայմանավորված խնդիրները:
Գնահատելով հանդիպման կառուցողական լինելը` մասնակիցները պայմանավորվեցին հետայսու ևս խնդրահարույց հարցերը քննարկել երկուստեք շահագրգիռ կողմերի տեսանկյունից: