Աշխատանքային քննարկումներ միջազգային համագործակցության շրջանակներում
մարտի 06, 2019
Միջազգային համագործակցության ոլորտում իրականացվող աշխատանքների շրջանակներում դեռևս 2016-17թթ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են աշխատանքային հանդիպումներն ու քննարկումները «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ: Մարտի 4-ին և 5-ին Քարլսռուհեի քրեակատարողական հիմնարկի ղեկավար Թոմաս Մյուլլերը, Բադեն-Վյուրթեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոնի ներկայացուցիչ Հայնց Բրյուխեն, «IRZ» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը եղան ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում:
Այցելությունների հիմնական նպատակն էր անցկացնել աշխատանքային քննարկումներ քրեակատարողական հիմնարկներում պատիժների կատարմանը վերաբերող գործնական, ինչպես նաև հրատապ խնդիրների լուծման համար անհատական հայեցակարգերի մշակման հարցերի շուրջ:
Քննարկման ընթացքում, ի թիվս վերոնշյալ հարցերի, անդրադարձ եղավ նաև քրեակատարողական հիմնարկներում կարանտինային բաժանմունքի վերակազմավորմանը, քրեական կանխատեսման բարելավմանը, ազատազրկված անձանց համար աշխատանքային և ազատ ժամանցի կազմակերպման հնարավորությունների ստեղծմանն ուղղված միջոցառումների ներդրմանը և օրակարգային այլ թեմաների:
Աշխատանքային հանդիպումներն ավարտվեցին երկկողմ պայմանավորվածությամբ հաջորդ աշխատանքային այցին մշակել և իրականացնել համապատասխան հայեցակարգ ներկայացված ծրագրերի իրականացման, քրեակատարողական հիմնարկներում միջազգային չափորոշիչների տեսանկյունից գործնական հարցերի առարկայական քննարկումների վերաբերյալ: