Պաշտոնական

Աշխատանքային քննարկում՝ ազատազարկված անձանց պատշաճ բուժօգնության և սպասարկման կազմակերպմանն առնչվող հարցերով

օգոստոսի 01, 2022

2022 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ազատազրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: 

Հանդիպմանը ներկա են եղել արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Գարիկ Աբելյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, քրեակատարողական հիմնարկների պետերն ու ՊՈԱԿ-ի՝ հիմնարկների ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկվել են կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատշաճ բուժսպասարկում ու բուժօգնություն կազմակերպելու, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց աջակցություն տրամադրելու, ինքնասպանությունները կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավման հարցերը, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ոլորտով զբաղվող իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնված խնդիրները, դրանց հնարավոր լուծման ուղիները: 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ արդարադատության նախարարության և  Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրին, որի շրջանակներում մշակվել են քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության զննության և ռիսկի գնահատման, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատման գործիքակազմեր, որոնք հնարավորություն կտան նախ՝ վերհանել և առանձնացնել վերոնշյալ տեսանկյուններից խոցելի անձանց շրջանակը, այնուհետև՝ իրականացնել առավել խորքային, երկարաժամկետ աշխատանքներ վերջիններիս հետ: 

Ազատազրկված անձանց բժշկական սպասարկման որակի շարունակական բարելավումը մշտապես լինելու է համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում: