Մշակութային

Առցանց շրջայց՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

հունիսի 16, 2025

 

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ՝ ի դեմս տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի, քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել էր մշակութային միջոցառում։ Ազատազրկված անձանց հնարավորություն էր ընձեռվել առցանց շրջայց կատարել մեծ բանաստեղծի անունը կրող թանգարանում, որտեղ ներկայացված են շուրջ երեքդարյա գրականության և արվեստի ականավոր գործիչների խոշոր արխիվները։ 

Էքսկուրսավար Մելանյա Ստեփանյանն ազատազրկված անձանց ցուցադրել է թանգարանի բազմաբովանդակ սրահները՝ պատմելով այնտեղ ներկայացված հավաքածուների մասին։

Մասնավորապես ազատազրկված անձանց ներկայացվել են Մարտիրոս Սարյանի գործերից, որոնց թվում առանձնանում է Եղիշե Չարենցի դիմանկարը։ Ներկայացվել են նաև հայ գրողներին պատկանող ժամացույցները և այն զարդերը, որոնք որպես ողբերգության նախանշանակ՝ կանգ էին առել կամ վնասվել նրանց մահվանից առաջ։

Թատերարվեստին նվիրված ցուցասրահում ազատազրկված անձինք ծանոթացել են հայ մեծանուն դերասան Պետրոս Ադամյանի բեմական հագուստին, իսկ երաժշտական արվեստի ցուցասրահում ուսումնասիրել են հայկական ժողովրդական փողային, լարային և հարվածային նվագարանները։