Պաշտոնական

Արդյունավետ համագործակցություն

փետրվարի 10, 2015

Փետրվարի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը և վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ Վիսկոնսին նահանգի «Օշքոշ» քրեակատարողական հիմնարկի տնօրեն Ջուդի Սմիթի և քրեակատարողական վարչության չափահասների տեղամասի անվտանգության պետ Մարկ Վայսգերբերի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2014 թվականի դեկտեմբերի 1-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հանդիպում էր ունեցել Վիսկոնսին նահանգի քրեակատարողական դեպարտամենտի ղեկավար Էդվարդ Ֆ. Ուոլի գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում ուղղիչ աշխատանքների դեպարտամենտի քարտուղարի տեղակալ Դեիդր Մորգանը Ա. Օսիկյանին հակիրճ ներկայացրել էր ԱՄՆ-ում գործող ուղղիչ հիմնարկների բազմագործառութային կառավարման համակարգը և ԱՄՆ Վիսկոնսին նահանգի` 2000 դատապարտյալների համար նախատեսված նորակառույց «Օշքոշ» հիմնարկի կառուցման և կառավարման ուղեցույցը` այն հանձնելով վարչության պետին` առավել մանրամասն ծանոթանալու նպատակով:

Վարչության պետի առաջին տեղակալ Ռ. Հովհաննիսյանը հյուրերին տեղեկացրեց, որ առաջարկությունների փաթեթում տեղ գտած, մեզ հետաքրքրող բաժիններն ամբողջությամբ ուսումնասիրվել են, և դրանց ներդրման հնարավորությունները կքննարկվեն:

«Օշքոշ» քրեակատարողական հիմնարկի տնօրեն Ջուդի Սմիթն այդ կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց և հակիրճ ներկայացրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության ընթացքում իր տպավորությունները` հավելելով, որ ԱՄՆ Վիսկոնսին նահանգում վերապատրաստված քրեակատարողական մի շարք ծառայողներ աշխատում են հենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Կողմերն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին միմյանց: