«Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են միջոցառումներ Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում
ապրիլի 22, 2025
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում իրականացվող միջոցառումները։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Լոռու մարզային գրադարանի համագործակցությամբ անցկացվել է գրական ցերեկույթ՝ նվիրված գրքին, գրականությանը, գրադարանների գործունեության կարևորությանը։ Մարզային գրադարանի աշխատակիցներն ազատազրկված անձանց ներկայացրել են Հայաստանի ազգային գրադարանի դերը հասարակության զարգացման գործում։ Ազատազրկված անձինք կիսվել են կարդացած գրքերից իրենց տպավորություններով, դատապարտյալ Շահեն Քոչարյանն ընթերցել է իր հեղինակած բանաստեղծություններից։ Ավարտին Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներն հիմնարկի գրադարանին և ցերեկույթի մասնակից ազատազրկված անձանց նվիրել են գրքեր։
Գրական միջոցառում է կազմակերպվել նաև «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում․ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հրավերով հիմնարկ էր այցելել «Արթիկի գրադարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչ Արմեն Նիկողոսյանը, որն ազատազրկված անձանց հետ անցկացրել է «Գրադարանների դերը մեր կյանքում» թեմայով զրույց՝ մանրամասն և պատկերավոր ներկայացնելով գրքի նշանակությունը մարդու կյանքում։ Արմեն Նիկողոսյանը նաև հիմնարկի գրադարանին նվիրել է երկու տասնյակից ավել գրքեր։