«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ստեղծագործող դատապարտյալները պարգևատրվել են
հուլիսի 31, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման դատապարտյալների նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որտեղ ներկայացվել են նաև անազատության մեջ գտնվող անձանց ձեռքի աշխատանքները։ Միջոցառմանը դատապարտյալների հրավերով ներկա են եղել «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի նախագահ, լրագրող Լուսին Ղազարյանը, հոգեբան, մանկավարժ Քրիստինե Պետրոսյանը և իրավաբան Կորյուն Քիշմիրյանը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնից Նորայր Գրիգորյանը, Հովհաննես Համբարձումյանը, հյուրերին ողջունել և ներկա գտնվելու համար շնորհակալական խոսքեր է հղել նաև Ինքնագործ միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը։
Հրավիրվածներն արտահայտել են իրենց կարծիքն անազատության մեջ գտնվելիս կամ տարբեր իրավիճակներում կայացրած վճիռների, ստեղծագործական ձգտումների մասին, այնուհետ տեղի է ունեցել երկխոսություն դատապարտյալների և հյուրերի միջև։ «Ֆիդայիներ» կառույցի նախագահ Ս․ Չիլինգարյանը գնահատել է դատապարտյալների ստեղծագործելու և հայրենասիրական նվիրումը՝ նրանց պարգևատրելով խրախուսական պատվոգրերով, իսկ բազմաթիվ գրքերի նկարազարդող, դատապարտյալ Դավիթ Խաչատրյանին պարգևատրել է «Հովհաննես Այվազովսկի» մեդալով։