Օպերատիվ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող զանգվածներ և արգելված իրեր

սեպտեմբերի 26, 2023

Արգելված իրերի և թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, իրականացրել են խուզարկություն հիմնարկի խցերում։ Խուզարկության արդյունքում խցերից մեկում գտնվող սեղանի տակի հատվածից հայտնաբերվել է կրեմագույն, պլաստամասե տուփ, որի մեջ առկա է եղել 2 անլար ականջակալ, նույն խցի փոքր պահարանի վրայից հայտնաբերվել են սպիտակ ստվարաթուղթ, ապակյա սրվակ և երկաթե իր: Ապակյա սրվակի և երկաթե իրի ներսի մասում եղել են թմրանյութին նմանվող, ծխեցված հետքեր, իսկ ստվարաթղթի միջից հայտնաբերվել է թմրանյութին նմանվող, սև, փոշենման զանգված՝ 0.44 գրամ քաշով: Խցում տեղաբաշխված դատապարտյալներ Վ․ Ղ․-ն և Գ․ Հ․-ն բանավոր հայտարարել են, որ ապակե սրվակը, երկաթե իրը և ստվարաթղթի մեջ գտնվող զանգվածն իրենց չեն պատկանում, իսկ անլար ականջակալերը, ըստ դատապարտյալ Գ.Հ․-ի հայտարարության, պատկանում է իրեն:

Նույն օրը, ավելի ուշ՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով, հիմնարկի կարանտինային մասնաշենքում խուզարկության են ենթարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․ Մ․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերված կրակայրիչում առկա է եղել հերոին տեսակի թմրանյութին նմանվող կասկածելի զանգված՝ 2.47 գրամ քաշով: Կալանավորված անձը բանավոր հայտարարել է, որ կրակայրիչը գտել է: 

Հայտնաբերվածներն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: