Մշակութային

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը

հուլիսի 06, 2023

Հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Հայ կինոյի 100-ամյակի առթիվ կազմակերպվել է կինոցուցադրություն։ Ազատազրկված անձանց համար ցուցադրվել է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթին «Արծաթե FIFOG 2023» մրցանակին արժանացած, ամերիկահայ սցենարիստ, ռեժիսոր և դերասան Միքայել Գուրջյանի՝ 2022թ․ նկարահանած «Ամերիկացին» ֆիլմը։

Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, որը 1947թ. մեծ սիրով և հավատով հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան, որտեղ, սակայն, անմիջապես հայտնվելով բանտում՝ բախվում է խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը և ստիպված է լինում հայրենիքը վերագտնել, ճանաչել ու սիրել ճաղավանդակների հետևից։ 

Ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր դերակատար Միքայել Գուրջյանը, դերասան Ժան-Պիեր Նշանյանը և Կինոկենտրոնի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել հյուրերը, ռեժիսորը հակիրճ ներկայացրել է ֆիլմի ստեղծման նախապատմությունը և հայտնել իր շնորհակալությունը ՔԿՀ վարչակազմին՝ իրենց հյուրընկալելու համար։ 

Ֆիլմի դիտումն անցել է մեծ ոգևորությամբ, իսկ ավարտին կայացել է բուռն և անկեղծ քննարկում-զրույց ազատազրկված անձանց և հյուրերի միջև։