Օպերատիվ

«Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են կոշիկների մեջ արգելված իրեր թաքցնելու դեպքեր

մայիսի 23, 2023

Սույն թվականի մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա.Ն.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն: 

Խուզարկության արդյունքում վերջինիս կոշիկի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում առկա է եղել փաթեթի հետ միասին 3,01 գրամ քաշ կազմող, թմրանյութին նմանվող սպիտակ, փոշենման զանգված:

Քաղաքացուհին ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային  քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 

Իսկ օրեր առաջ՝ մայիսի 20-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնից հիմնարկ ընդունված դատապարտյալ Վ.Խ.-ի անձնական իրերը: Արդյունքում պարզվել է, որ հողաթափերի մեջ առկա են բջջային հեռախոսներ՝ յուրաքանչյուրի մեջ մեկական հեռախոս:

Նախաձեռնվել են համապատասխան վարույթներ: 

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։