Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ վերաբացվել և համալրվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գրադարանը
փետրվարի 21, 2022
2008 թվականից Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, ընդունվեց որպես գիրք նվիրելու օր։ Այդ օրը ողջ հանրապետությունում անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, միմյանց նվիրում են գրքեր, գրադարանները համալրվում են նորերով և այլն։
Գիրք նվիրելու օրը նշանավորվել է նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տոնի կապակցությամբ վերանորոգվել և վերաբացվել է հիմնարկի գրադարանը, որը հարուստ է տարբեր ժանրերի և տարբեր ժամանակաշրջանի հայ և արտասահմանյան գրականությամբ։ Օրվա առթիվ գրադարանը համալրել են հայերեն և օտարալեզու նոր գրքերով։
Գրադարանի վերաբացումը հնարավորություն կտա կալանավորված անձանց և դատապարտյալներին իրենց ազատ ժամանակը լրացնել օգտակար զբաղվածությամբ, զարգացնել հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ, զբաղվել ինքնակրթությամբ, որոնք էլ դրական ազդեցություն կունենան ազատազրկված անձանց վերասոցիալականացման գործընթացների իրականացման ժամանակ։