Կրթական

Դասընթացների շնորհիվ «Արթիկ» ՔԿՀ-ն ունի վերանորոգված, կահավորված և անհրաժեշտ գործիքներով համալրված արհեստանոց

հունիսի 23, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ավարտվել են դեռևս 2022 թվականի փետրվարից «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից «Անարգելք կրթություն. նոր հնարավորություններ» ծրագրի շրջանակներում «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած մասնագիտական ուսուցման դասընթացները: 

Այդ առիթով հիմնարկում սոցիալական, իրավական և հոգեբանական բաժնի կողմից կազմակերպվել և անցկացվել էր ամփոփիչ միջոցառում, որի ընթացքում դասընթացները հաջողությամբ ավարտած 29 դատապարտյալների հանձնվել են թվով 46 հավաստագրեր: 

Միջոցառմանը մասնակցել են նաև կազմակերպիչները:
Դասընթացների արդյունքում հիմնարկն արդեն ունի վերանորոգված, կահավորված և անհրաժեշտ գործիքներով համալրված արհեստանոց, որը վերանորոգել են «Ներքին հարդարման շինարարական աշխատանքների ուսուցում» դասընթացի մասնակիցները՝ որպես ավարտական քննություն։ Արհեստանոցը իրենց ձեռքով պատրաստված կահույքով կահավորել են  «Կահույքագործություն»  դասընթացի մասնակիցները, ինչը նույնպես ընդունվել է որպես ավարտական քննություն։ 

Կատարված աշխատանքների համար անհրաժեշտ գործիքները նվիրաբերել էին կազմակերպիչները: