«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառում
հունվարի 30, 2023
Հայոց բանակի ստեղծման 31-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի նախաձեռնությամբ հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց հետ հունվարի 27-ին անցկացվել է սեմինար-պարապմունք՝ «Հայոց բանակի կազմավորումը» և «Քրեակատարողական ծառայության մասնակցությունը արցախյան պատերազմներին և բանակաշինության ազգանվեր գործին» թեմաներով։ Դասն անցկացրել է հիմնարկի պետի տեղակալ, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ոլորտը համակարգող, արդարադատության փոխգնդապետ Էդգար Տոնիկյանը։
Է․ Տոնիկյանը պատմական ակնարկ է ներկայացրել Հայոց բանակի կազմավորման, ռազմական հաջողությունների, միջազգային նշանակության ռազմավարական-մարտավարական ճակատամարտերի, ինչպես նաև արցախյան պատերազմներին քրեակատարողական ծառայողների մասնակցության վերաբերյալ։
Ելույթ են ունեցել նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Սահրադյանը և կալանավորված անձ Կարեն Մարությանը, որոնց որդիներն այս պահին անառիկ են պահում հայրենիքի սահմանները։
Սեմինարի ավարտին մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի անմահացած հերոսներին նվիրված խաչքարի առջև, հիմնարկի Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը կրող մատուռում մոմավառությամբ աղոթքներ են հնչեցրել առ Աստված՝ հանուն մեր երկրի արժանապատիվ խաղաղության։