Պաշտոնական

Դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման հմտությունների վերապատրաստման դասընթացներ՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների համար

նոյեմբերի 28, 2023

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի նպատակային կազմակերպման, նրանց մոտ դրական վարքագծի ձևավորման, ինչպես նաև ոլորտային իրավակարգավորումների պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 22-ից 25-ը անցկացվել են երկփուլ վերապատրաստման դասընթացներ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման հմտությունների վերաբերյալ։ 

Դասընթացների առաջին փուլին մասնակցել են Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ և քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովներում ընդգրկված ղեկավար անձնակազմը, իսկ երկրորդ փուլը նախատեսված է եղել Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցների համար։    

Դասընթացներին Եվրոպայի խորհրդի միջազգային և ազգային փորձագետների կողմից  ներկայացվել են ռիսկերի և կարիքների գնահատման տեսական կողմերը, ինչպես նաև իրականացվել են գործնական պարապմունքներ՝ խմբային աշխատանքներ, դերախաղեր և այլն։