Եռօրյա դասընթացներ՝ քրեակատարողական համակարգի ծառայողների և աշխատակիցների համար
հոկտեմբերի 16, 2023
Սույն թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի ծառայողների և աշխատակիցների համար Նիդերլանդների Հելսինկյան Կոմիտեն կազմակերպել էր «Ժամանակակից բանտերի կառավարումը, դինամիկ անվտանգությունը և դրա ապահովումը» և «Տուժող-իրավախախտ միջնորդություն» թեմաներով դասընթացներ, որոնց հիմնական նպատակն է հասնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների իրավասության բարձրացմանը ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց վերականգնման և վերասոցիալականացման գործընթացներում։
Եռօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնականում ուղղիչ ծառայության ռազմավարությանը, առաքելությանը, ազատազրկված անձանց վերականգնման և վերասոցիալականացման կարևորությանն ուղղված հարցերը, առաջարկվել են նոր գործընթացներ բարելավման միջոցառումների վերաբերյալ, ներկայացվել են միջազգային, մասնավորապես՝ եվրոպական ստանդարտները՝ որպես քրեակատարողական հիմնարկների բարելավման փորձ և հիմք։
Դասընթացավարները մանրամասն ներկայացրել են նաև դինամիկ անվտանգության նշանակությունն ու կարևորությունը հայաստանյան ՔԿՀ-ներում անձնակազմ-ազատազրկված անձ հարաբերությունների ընթացքում, ներկայացվել և ուսումնասիրվել են հաշտարարության միջոցով վերականգնողական արդարադատության միջոցառումների հնարավորությունները, որոնց կիրառմամբ առավել դյուրին կդառնան փորձաշրջան անցնող, ինչպես նաև պատիժը կրող անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը։
Դասընթացներին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ստորաբաժանումների բաժնի պետերը, քրեակատարողական հիմնարկների պետերը, Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչներ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչակազմը, համակարգի հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։