Եվս մեկ կամուրջ ազատազրկված անձանց և արտաքին աշխարհի միջև
մայիսի 11, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արդեն մեկ տարի է՝ գործում է «Մշակութային ինքնագործ միավորում» խումբը, որի անդամները բացառապես ազատազրկված անձինք են։ Խումբը ստեղծվել է ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվթչյանի նախաձեռնությամբ, մեկ տարվա ընթացքում խմբում անդամագրվել է շուրջ 3 տասնյակ դատապարտված անձ։
Խումբը հիմնադրվել է հիմնականում ազատազրկված անձանց հոգեբանական լիարժեքության ամրապնդման, կենսակերպի ուղղման նպատակով, ինչպես նաև՝ ապահովելու համար նրանց արդյունավետ առօրյան ու զբաղվածությունը, որոնք էլ իրականացվում են տարբեր թեմաներով կազմակերպվող միջոցառումների միջոցով վերջիններիս մշակույթին և հասարակական կյանքին հաղորդակից դարձնելու շնորհիվ։
Սույն թվականի մայիսի 10-ին «Մշակութային ինքնագործ միավորումը» «Արմավիր» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել էր հերթական միջոցառումը, որը նվիրված էր խմբի ստեղծման մեկամյակին։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի անդամներ, ռեժիսոր և սցենարիստ Տիգրան Խզմալյանը, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, գրող, պատմաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը և այլք։
Տեսաֆիլմի միջոցով կազմակերպիչներն ամփոփ ներկայացրել են «Մշակութային ինքնագործ միավորման» շրջանակում կատարված մեկ տարվա աշխատանքները, հանդիպումներն արվեստագետների, տարբեր ոլորտի մասնագետների հետ, դասընթացների շարքը, որոնց շնորհիվ դատապարտյալները կարողացել են բացահայտել իրենց նախասիրությունները և այժմ կարողանում են հանրությանը ներկայանալ այլ տեսանկյունից և կյանքի հանդեպ այլ մոտեցմամբ։
Միավորման անդամներն անդրադարձել են նաև մի շարք ծրագրերի, որոնք իրականացվելու են հասարակական, մշակութային գործիչների հետ համատեղ աշխատանքների արդյունքում, նախատեսված է ստեղծել ակումբներ՝ ազատազրկված անձանց համար հետաքրքիր, հագեցած, ինտելեկտուալ միջավայր ստեղծելու նպատակով, մասնավորապես կյանքի է կոչվելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։
Միջոցառման ավարտին դատապարտյալները ներկաներին են նվիրել իրենց ձեռքի աշխատանքներից։