Պաշտոնական

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում բացվեց հուշատախտակ՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին

նոյեմբերի 10, 2021

Նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի նախաձեռնությամբ հիմնարկի վարչական շենքում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: 

Ներկա էին Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, ծառայության ղեկավար կազմը, հիմնարկի վարչակազմը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներ: 

Խաչի պատկերով հուշատախտակն օրհնվեց ձեռամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Զենոն քահանա Բարսեղյանի:

Հայր Ռուբենն իր խոսքում նախ ներկայացրեց խաչի խորհուրդը, ապա նշեց, որ այս հուշատախտակն առաջին հերթին պետք է հիշեցնի մեր նահատակների զոհողությունների մասին, որոնք մարտնչեցին և իրենց կյանքը տվեցին, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը գիտակցի, որ նույն հողի, նույն հայրենիքի, նույն քաղաքակրթության զավակն է: 

Ներկաները սփոփանքի և զորակցության խոսքեր ուղղեցին հիմնարկի երկու ծառայողների՝ պատերազմում որդուն՝ Տիգրան Մելքոնյանին կորցրած Վահան Մելքոնյանին և եղբորը՝ Տիգրան Ապրեսյանին կորցրած Ալիկ Ապրեսյանին: 

Հավերժ փառք քաջարի հերոսներին…