Պաշտոնական

Ընդլայնված խորհրդակցություն քրեակատարողական վարչությունում

սեպտեմբերի 10, 2014

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն անցկացրեց իր անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՔԿ վարչության պետի տեղակալները, բաժնի պետերը, ՔԿ վարչության և հիմնարկների ղեկավար անձնակազմը:

Վարչության պետը նշեց, որ չնայած կարճ ժամանակահատվածին, հասցրել է ծանոթանալ ծառայության գերակա խնդիրներին: Նա նշեց, որ այցելել է մի քանի քրեակատարողական հիմնարկ, ինչը շարունակական է լինելու:

Անդրադառնալով համակարգում կոռուպցիոն ռիսկերին՝ Ա. Օսիկյանը կարգադրեց ծառայությանն էլ ավելի սրտացավ լինել, իրենց առջև դրված պարտականությունները պատշաճ կատարել:

Հանձնարարվեց կազմակերպել քրեակատարողական հիմնարկների պատշաճ պահպանությունը՝ հնարավոր փախուստի փորձերը բացառելու նպատակով:

Վարչության պետը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Օսիկյանը պահանջեց խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և հանձնարարեց բացառել դատապարտյալների նկատմամբ երկակի մոտեցումները:

Առանձնակի կարևորելով քրեակատարողական ծառայողների կարգապահությունը՝ վարչության պետն անդրադարձավ ծառայողների ուսումնական պարապմունքների պարբերաբար և ոչ ձևական անցկացնելուն:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արթուր Օսիկյանը կոնկրետ պահանջներ և հանձնարարականներ տվեց քննարկված հարցերի կատարման վերաբերյալ: