Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ՝ «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում
մարտի 28, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Ստեփան Զորյանի տուն-թանգարանի համագործակցության շրջանակներում ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան։
Հիմնարկ էին այցելել Ստեփան Զորյանի տուն-թանգարանի փոխտնօրեն, ասմունքող, Մովսես Խորենացու մեդալակիր Ջիվան Սարգսյանը և ռեժիսոր, սցենարիստ Հարություն Նասիլյանը։ Ջիվան Սարգսյանի կատարմամբ ազատազրկված անձանց ներկայացվել է Հարություն Նասիլյանի «Արև, լուսին և ծով» մոնոներկայացումը, որը ռեժիսորը նվիրել է հայազգի մեծ արվեստագետ, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հիշատակին։
Թատրոնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից․ «օրվա հերոսը» հայ մեծանուն գրող-երգիծաբան Հակոբ Պարոնյանն էր։ Ազատազրկված անձանց ներկայացվել է Պարոնյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, իսկ ավարտին նրանք դիտել են «Մեծապատիվ մուրացկաններ» հեռուստաներկայացումը։