Ժիրայր Դադասյանը քրեակատարողական հիմնարկներում ներկայացրել է մնջախաղի արվեստը
դեկտեմբերի 17, 2025
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում անցկացրել է մնջախաղի թատրոնի պատմությանը նվիրված դասախոսություն։ Միջոցառմանն առցանց ձևաչափով միացել են նաև «Նուբարաշեն», «Վանաձոր», «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկները։
Ժիրայր Դադասյանն ազատազրկված անձանց ներկայացրել է Հայաստանում թատերարվեստի ձևավորման ուղին, խոսել մնջախաղի արվեստի հիմունքների մասին՝ ընդգծելով շարժման լեզվի նշանակությունն ու դերը մարդկային հույզերի և մտքերի փոխանցման գործընթացում։
Դասախոսության շրջանակում ցուցադրվել են նաև նրա բեմադրությունների տեսագրություններն ու ներկայացվել դրանց ստեղծման պատմությունը։ Ազատազրկված անձինք դիտել են նաև տեսահոլովակ, որում հայկական այբուբենը ներկայացված է մնջախաղի միջոցով։ Ֆիլմն ընդգծում է հայոց գրերի գեղեցկությունն ու դրանց կարևոր դերակատարումը հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքում։