Ինքնաարտահայտման խթանում, ներքին ռեսուրսների ակտիվացում․ ստեղծագործական աշխատանք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
մարտի 02, 2026
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեբան Սրբուհի Ասլանյանի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց հետ իրականացվել է «Կավի հետ ռեսուրսային ստեղծագործական աշխատանք՝ ինքնակարգավորման խթանմամբ» թեմայով միջոցառում։
Միջոցառման նպատակն էր ստեղծագործական գործընթացի միջոցով նպաստել ազատազրկված անձանց հուզական լարվածության նվազեցմանը, ինքնաարտահայտման խթանմանը և ներքին ռեսուրսների ակտիվացմանը։
Մասնակիցները կավի միջոցով ոչ վերբալ ձևով արտահայտել են իրենց մտքերն ու ներքին ապրումները։ Ստեղծագործական աշխատանքը հնարավորություն է տվել առնչվելու տարբեր հուզական վիճակների՝ ներառյալ դժվարություններ, անհանգստություններ և ներքին սահմանափակումների զգացում։
Գործընթացի ժամանակ նրանք փորձարկել են ձևավորման բազմաթիվ տարբերակներ, ընդունել փոփոխությունները, ինչպես նաև աշխատել կիսատ կամ ընթացիկ վիճակների հետ՝ առանց դրանք անմիջապես «ավարտելու» անհրաժեշտության։ Այս մոտեցումը հնարավորություն է տվել դիտարկել իրավիճակներն այլ տեսանկյունից և ընդունել, որ տարբեր արդյունքներ ևս կարող են լինել լիարժեք և ընդունելի։