«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ «Աբովյան» ՔԿՀ-ում մեկնարկել է «Դիմադրության ձայներ․ ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» ծրագիրը
ապրիլի 01, 2025
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նախաձեռնել է «Դիմադրության ձայներ․ ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» ծրագիրը, որն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է քրեական արդարադատության համակարգում լսելի դարձնել ազատազրկված կանանց ձայնը, փոխել հասարակության ընկալումները նրանց մասին։ Մասնակից կանայք ներկայացնելու են ազատազրկման փորձառության իրենց պատմությունները՝ անազատության պայմաններին հարմարվելու ընթացքը, կյանքը վերաիմաստավորելու ճանապարհը, կորցրածն ու գտածը։
Նախքան պատմությունների հրապարակումը մասնակից կանանց համար անցկացվում են «Ինքնաճանաչում և հույզերի ճանաչում», «Հուզական բարեկեցություն», «Անձնական աճ», «Դրական ինքնաընկալում», «Պատմասացություն և գրավոր խոսքի գրագետ կառուցում», «Իրավագիտակցություն» թեմաներով դասընթացներ, որոնք վարում են հոգեբան Արմինե Ադամյանը և Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը։
Դասընթացներին ներկա են լինում նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետները։