Մարզական

Լոռու մարզպետարանի և Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի աջակցությամբ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է սպորտային միջոցառում

օգոստոսի 16, 2024

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում, կազմակերպվել է մարզական միջոցառում՝ եռամարտի առաջնություն ձգում մարզաձևում, որին մասնակցել է 20 դատապարտյալ: Միջոցառմանն աջակցել և ներկա են եղել «Վանաձոր» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադևոսյանը, վարչակազմի անդամներ, Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը, Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, մարզիչներ Նարեկ Հովսեփյանը և Զորիկ Պողոսյանը: 

Միջոցառման ընթացքում դատապարտյալները մեծ ոգևորությամբ պայքարել են՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Արդյունքում՝ իրականացված առաջնության առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են դատապարտյալներ Գևորգ Պետրոսյանը, Վանիկ Առուստամյանը և Նարեկ Մարգարյանը, որոնց շնորհավորել և հավաստագրերով պարգևատրել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը: 

Հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել Արկադի Թադևոսյանը, պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը և Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը՝ իրենց խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:

Արկադի Թադևոսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկա գտնվող հյուրերին` հույս հայտնելով, որ հետագայում նույնպես կշարունակվեն նմանատիպ համագործակցությունները:      

Միջոցառման ավարտին Գ. Սարոյանը շնորհակալագիր է հանձնել Արկադի Թադևոսյանին` քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող անձանց միջև պաուերլիֆտինգի մրցաշարի անցկացման և մարզաձևի զարգացման համար: