Հոգևոր

Լույսի և հոգևոր խոսքի հանդիպում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

սեպտեմբերի 29, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու, հոգեշնորհ Տ Իսահակ վարդապետ Պողոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնարկի գրադարանին նվիրել իր հեղինակած գրքերը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրատարակված հոգևոր և աշխարհիկ արժեքավոր գրականություն։ Այս միջոցով ազատազրկված անձանց հնարավորություն է ընձեռվում հաղորդ լինելու հայ հոգևոր մտքի և ազգային մշակույթի վեհագույն դրսևորումներին։

Հանդիպումը բացվեց տերունական աղոթքով։ Այնուհետև հիմնարկի դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ ներկաներին մատուցվեց անակնկալ՝ դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի պատրաստած սահիկաշարի շնորհիվ ամփոփ ներկայացվեց Տ Իսահակ վարդապետ Պողոսյանի կյանքի և հոգևոր ծառայության ուղին՝ իր առաջին քայլերից մինչև քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության պատասխանատու առաքելությունը։

Հոգեշնորհ Հայր սուրբը ներկայացրեց իր գրական ժառանգությունը՝ լուսաբանելով յուրաքանչյուր գրքի գաղափարական առանցքը, ստեղծագործական ընթացքը և թեմատիկ ընդգրկումը։ Նրա ստեղծագործություններում զուգակցվում են թե՛ վարդապետական խորազնին ուսումնասիրություններ, թե՛ պատմա֊գեղարվեստական երկեր՝ վեպեր, վիպակներ, և թե՛ բանաստեղծական ժողովածուներ։ Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ զրույցի մթնոլորտում՝ լի հոգևոր խորհրդածություններով։ Քննարկվեցին կյանքի իմաստի և արժեքների, հավատքի դերի, ինչպես նաև հոգևորի և աշխարհիկի հավասարակշռության կարևորության մասին հարցեր։ Ազատությունից զրկված անձինք հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց մտահոգություններն ու հուզող հարցերը՝ ստանալով բովանդակալից պատասխաններ։