Լույս՝ փակ դռների հետևում․ գիրք նվիրելու օրը՝ քրեակատարողական հիմնարկներում
փետրվարի 20, 2026
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա առթիվ իրականացվող նախաձեռնությունները։
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր գրքի և ընթերցանության կարևորությունն ընդգծող միջոցառում։
Դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման անդամներ Ա. Ճաղարյանը, Ա. Ղարայանը, Գ. Սարգսյանը և Վ. Դարբինյանը ներկայացրել են ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ուղին, ստեղծագործական ժառանգությունն ու հայ գրականության մեջ ունեցած բացառիկ դերակատարումը։ Միջոցառումը հագեցած է եղել նաև Թումանյանի քառյակների ասմունքով։
Ցերեկույթին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։
Նախաձեռնության շրջանակում ազատազրկված անձինք հյուրերին նվիրել են իրենց հեղինակած, ինչպես նաև այլ հեղինակների գրքերը՝ խորհրդանշելով գրքի՝ միավորող և կրթող ուժը։
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով Լոռու մարզային գրադարանի հետ, նույնպես կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյանը և գիրք նվիրելու օրվան։
Միջոցառումն ուղեկցվել է հիմնարկի նոր գրադարանի բացմամբ։ Այնուհետև հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներն ու Լոռու մարզային գրադարանի աշխատակիցները փոխանակել են գրքեր, ինչպես նաև գրքեր են նվիրաբերվել հիմնարկի գրադարանին։
Մարզային գրադարանի աշխատակիցները ներկայացրել են նաև գրադարանի կարևոր դերը հասարակության կրթական և մշակութային զարգացման գործընթացում։