Լևոն Բալյանը և Ամբակում Գրիգորյանը Ֆրանսիայում ուսումնասիրել են քրեակատարողական համակարգում ձեռք բերված առաջընթացներն ու առանձնահատկությունները
նոյեմբերի 22, 2023
Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Քրեակատարողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանը Ֆրանսիայում ծանոթացել են քրեակատարողական առողջապահության համակարգում հեռաբժշկության ֆրանսիական փորձին։ Քննարկվել են քրեակատարողական համակարգերում ձեռք բերված առաջընթացին, համակարգում կիրառվող թվային ծառայություններին, ինչպես նաև կրթական, սպորտային, արվեստի և այլ վերասոցիալականացման-վերականգնողական ծրագրերին առնչվող հարցեր:
Լևոն Բալյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել քրեակատարողական հիմնարկների և այլ պաշտոնատար անձանց հետ: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ֆրանսիայի երկրորդ ամենամեծ քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալների հիվանդանոց և ծանոթացել հիմնարկի կառուցվածքին, պահման պայմաններին, խնդիրներին, վերահսկողական գործառույթներին, ինչպես նաև հեռաբժշկության սարքերին: Այցի շրջանակներում տեղի է ունեցել ինտերակտիվ քննարկում վարչակազմի հետ։ Նշենք, որ ճանաչողական այցին մասնակցել են նաև Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկություն կենտրոն ՊՈԱԿ»-ի ներկայացուցիչները։