Խորհրդակցություն պատասխանատու հերթապահների մասնակցությամբ
օգոստոսի 15, 2018
Օգոստոսի 10-ին և 15-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և ծառայության անվտանգության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանն անցկացրին խորհրդակցություն քրեակատարողական հիմնարկներում հերթապահ խմբերի պատասխանատու հերթապահների մասնակցությամբ: Մ. Միքայելյանը խոսեց հիմնարկներում հերթափոխի ծառայության կազմակերպման, ծառայողի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ձևակերպման մասին, հրահանգեց առավել ուշադիր լինել տեսակցության եկած անձանց զննություն կատարելիս, հաճախակի դարձնել խուզարկությունները հատկապես ոչ աշխատանքային օրերին, ուշադրության կենտրոնում պահել պահակակետերում ծառայության կատարումը, մասնավորապես քաղացիական հիվանդանոցներում: Մ. Միքայելյանը ծառայության պետ Արտյոմ Մխոյանի անունից ներկաներին հորդորեց ցանկացած իրավիճակում բացառել կոռուպցիոն դրսևորումները և առավել ամրապնդել բարձր ծառայողական կարգապահությունը:
Մ. Միքայելյանը ներկաներից պահանջեց խուզարկություն կատարելիս լինել է՛լ ավելի զգոն՝ հատկապես կալանավորված անձանց դատարաններ, քաղաքացիական հիվանդանոցներ ճանապարհելիս և ընդունելիս: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև դատապարտյալների, կալանավորված անձանց և ծառայողների միջանձնային հարաբերություններին. հրահանգվեց շփման հարթակում գործել միմիայն օրենքով սահմանված կարգով, բացառել ազատազրկված անձանց միջանձնային փոխհարաբերություններում հիերարխիկ հարաբերությունների ձևավորումը:
Պատասխանատու հերթապահները խորհրդակցության ժամանակ բարձրաձայնեցին հիմնարկներում տարբեր իրավիճակներից բխող հարցերի մասին, որոնց շուրջ ղեկավար անձնակազմը տվեց հստակ պարզաբանումներ, ինչպես նաև նոր հանձնարարականներ: