Խորհրդակցություն՝ քրեակատարողական ծառայությունում
օգոստոսի 01, 2018
2018 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը և պահպանության ապահովման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Նազարյանը խորհրդակցություն անցկացրին քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման բաժնի և քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժինների պետերի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին քրեակատարողական հիմնարկների կողմից 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում պահպանության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները:
Բացման խոսքով հանդես գալով՝ Վ. Ծաղիկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ծառայողական կարգապահության ամրապնդման վրա, անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարին՝ առանձնահատուկ շեշտելով, որ պետք է բացառել ցանկացած կոռուպցիոն դրսևորում:
Այնուհետև քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժնի պետերին առաջարկեց ներկայացնել կիսամյակային հաշվետվությունները՝ ըստ հիմնարկների:
Հաշվետու զեկույցներում անդրադարձ կատարվեց քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման ոլորտի հաստիքային միավորների համալրվածությանը, համապատասխան ծառայողների խրախուսանքներին և տույժերին, ուղեկցորդումների քանակին, փախուստի, արգելված իրերի ներթափանցման ու արտանետման փորձերին և կարևորություն ներկայացնող այլ հարցերի:
Քննարկվեցին յուրաքանչյուր հիմնարկի պահպանության ապահովման բաժինների գործառույթներին առնչվող հարցերը՝ կապված ոլորտի շինարարական աշխատանքների, ինժեներատեխնիկական միջոցների և այլ հրատապ խնդիրների հետ:
Ամփոփելով քննարկումը՝ ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ նշելով, որ հետևողական է լինելու տրված բոլոր հանձնարարականների պատշաճ կատարմանը: