Հոգևոր

Ծաղկազարդը նշվեց նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

մարտի 29, 2021

Հայ եկեղեցին Ս․ Հարության տոնին՝ Զատիկին, նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Տոնը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և լույս տարածելով՝ հալածեց խավարը, իսկ երկիրը զարդարվեց բույսերով ու ծաղիկներով։

Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ հիմնարկի հոգևոր անկյունում ազատազրկված կանանց մասնակցությամբ նշվել է ծաղկազարդը։

«Աբովյան» ՔԿՀ-ի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը, արարողությունը սկսելով Տերունական աղոթքով, ներկայացրել է օրվա խորհուրդը, օրհնել ներկաներին և տոնի խորհրդանիշ ուռենու ոստերն ու դրանցից հյուսած պսակները։ Պտուղ չտվող ուռենու ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո։

Օրվա խորհրդի մասին խոսել են նաև կին դատապարտյալները, որից հետո օրհնված պսակներն ու ոստերը բաժանվել են նրանց։ Ուռենու ոստերից նվիրել են նաև կալանավորված անչափահաս անձանց։ 

Արարողությունն ավարտվել է մոմավառությամբ։