Պաշտոնական

Ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մասնակցել են ուսումնական աշխատաժողովի

մայիսի 08, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մայիսի 7-8-ը մասնակցել են «Կանանց նկատմամբ վերաբերմունքի միջազգային չափանիշներն ազատազրկման և պրոբացիայի պայմաններում» աշխատաժողովին։  

Ուսումնական աշխատաժողովի նպատակներից էին ուսումնասիրել ազատազրկված կանանց նկատմամբ կիրառվող միջազգային չափանիշները, նրանց հետ աշխատանքի և կառավարման լավագույն փորձը, քննարկել վերջիններիս բնորոշ իրավիճակները, հատուկ կարիքները, ինչպես նաև նրանց վերասոցիալականացման նախապատրաստելու եղանակները։

Աշխատաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես էր եկել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։

Երկօրյա աշխատաժողովին մասնակցել են նաև Պրոբացիայի ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։

Մասնակիցներն իրականացրել են գործնական պարապմունքներ, խմբային վարժություններ և թեստեր։