Ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի հերթական աշխատանքային այցը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
մայիսի 08, 2020
2020 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն աշխատանքային այցի նպատակներով եղել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Առաջին տեղակալը հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տարածքում, բնակելի գոտում, մասնաշենքերում, եղել է կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, ծանոթացել կալանավորված անձանց ու դատապարտյալների պահման պայմաններին, զրուցել անազատության մեջ պահվող անձանց հետ՝ պարզելու նրանց հիվանդության պատճառներն ու բուժման ընթացքի արդյունավետությունը: Շրջայցի շրջանակներում քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալին ներկայացվել են նաև անազատության մեջ պահվող անձանց բժշկական սպասարկման ցուցաբերման հնարավորությունները, ինչպես նաև հիմնարկի բժշկական սարքավորումները, այդ թվում Եվրոպայի խորհրդի կողմից քրեակատարողական հիմնարկին տրամադրված երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր) սարքերը, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ երկու հիվանդի սպասարկելու համար։
Այցելության ավարտին քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը քննարկում-խորհրդակցություն է անցկացրել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում Արտակ Հարությունյանը շեշտադրել է համակարգին վերաբերող կարևորագույն խնդիրներն ու նպատակները, գործունեության հիմնական սկզբունքները, վերջիններիս իրականացմանն ուղղված գործելակերպի ձևաչափերը, բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերի ու դրսևորումների բացառմանն ուղղված աշխատանքների կատարումը՝ պահանջելով յուրաքանչյուրից մասնագիտական պատշաճ վարքագիծ՝ ուղեկցված գիտելիքների, ծառայողական, աշխատանքային ունակությունների, հմտությունների ու կարողությունների արժանի դրսևորմամբ: Խորհրդակցության ընթացքում Արտակ Հարությունյանը հատուկ ընդգծել է օրենքով և պետական շահով առաջնորդվելու գերակայությունը, ծառայողական պարտականությունների կատարման, ծառայողական և կատարողական կարգապահության անշեղորեն պահպանման, այդ ընթացքում ծառայողների մշտական ինքնակրթվելու կարևորությունը գործունեության բոլոր ուղղություններով, առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես քրեական ենթամշակույթի հաղթահարմանը և կոռուպցիայից զերծ մշակույթ ձևավորելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Քննարկում-խորհրդակցության վերջում Արտակ Հարությունյանը հիշեցրել է, որ անհրաժեշտ է անվերապահորեն կատարել սույն խորհրդակցության ընթացքում ներկայացված ու մանրամասնված, ինչպես նաև խորհրդակցության արդյունքներով կազմված արձանագրությունում ամրագրված քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպման բոլոր սկզբունքներով ու դրանցից բխող գործելակերպի ձևաչափերով պայմանավորված պահանջները և հետագա գործունեության ընթացքում ղեկավարվել դրանցով: