Պաշտոնական

Ծառայության պետն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի պատվիրակությանը

դեկտեմբերի 11, 2019

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչերին՝ հարավ-արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդին, հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող և պատասխանատու Նելլի Թումասյանին և Ամալյա Վուքերթին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը:

Ա. Գոյունյանն առանձնահատուկ շեշտադրել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից քրեակատարողական հիմնարկներում անցկացվող սեմինար-պարապմունքների կարևորությունը, որոնք իրականացվում են պատժի նպատակների արդյունավետ իրացման, ազատազրկված անձանց վերասոցիալականացման և վերջիններիս կարիքների գնահատման նպատակով:

Քննարկվել է նաև ազատությունից զրկված անձանց, այդ թվում ռիսկային խմբերի հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գերմանական փորձագետների կողմից քրեակատարողական հիմնարկների հոգեբանների հետ թրենինգների կազմակերպման և միջազգային լավագույն փորձի փոխանցման հնարավորության հարցը:

Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև հետագա համագործակցության այլ ուղղությունները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանք առարկայական դարձնելու վերաբերյալ: