Պաշտոնական

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի 9-րդ նիստը

մարտի 31, 2025

Մարտի 28-ին առցանց ձևաչափով կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի 9-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից նիստին մասնակցել է շտաբի պետի տեղակալ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը, որն իր ելույթում անդրադարձել է ազատազրկված անձանց աշխատանքով ապահովելուն ուղղված միջոցառումներին և նախաձեռնություններին։

Մասնավորապես նշվել է «Սևան» քրեակատարողական հիմնարկում ստեղծված կահույքաշինության ուսումնաարտադրական կենտրոնի գործունեությունը, նույն հիմնարկում, ինչպես նաև «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում նոր՝ այլ արտադրամասերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ռաֆայել Հարությունյանն ԱՊՀ գործընկերներին  ներկայացրել է նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց զբաղվածության ապահովման ընթացիկ պայմանները, ընդլայնման հնարավորությունները, վարձատրվող և ոչ վարձատրվող աշխատանքներում նրանց ներգրավվածության ցուցանիշները։ 

Նիստին քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի փոխգործակցության առանձնահատկությունները Խորհրդի մասնակից պետություններում, ազատազրկված կանանց և նրանց երեխաների պահման պայմանների բարելավումը, ազատազրկված անձանց վերասոցիալականացման, իրավահպատակ վարքագծի ձևավորման միջոցառումները և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր։ 

ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի՝ 2026 թվականի նախագահությունը ստանձնելու է Ուզբեկստանի Հանրապետությունը։