Պաշտոնական

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի VI նիստը

հոկտեմբերի 11, 2021

2021 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Ատա քաղաքում առցանց և առկա ձևաչափով անցկացվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ VI նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները: 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն առցանց ներկայացրել է ՔԿԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, որն իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ՀՀ-ի քրեակատարողական հիմնարկներում COVID-19 համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունավետությանը, «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման նոր համակարգի գործարկմանը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարի, ահաբեկչության և ծայրահեղական բնույթի այլ բռնի դրսևորումների դեմ համատեղ միջոցառումների իրականացմանը:

Քննարկվել են Խորհրդի V նիստի որոշումների կատարման ընթացքին և 2021 թվականի աշխատանքային ծրագրի իրականացմանը, կադրերի պատրաստմանը, ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների միջև շախմատի ու կշռաքարային մարզաձևի միջազգային առաջնությունների անցկացմանը և քրեակատարողական համակարգին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Նիստին որոշվել է նաև, որ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի VII նիստն անցկացվելու է 2022 թվականին Տաջիկստանի Հանրապետությունում: