Պաշտոնական

Կայացել է Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (Europris) «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով աշխատաժողովը

ապրիլի 14, 2025

Քրեակատարողական ծառայության շտաբի պետի տեղակալ, արդարադատության մայոր Ռաֆայել Հարությունյանը մասնակցել է Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպության (Europris) աշխատաժողովին, որն անցկացվել է Խորվաթիայի Հանրապետության Սպլիտ քաղաքում։

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները քրեակատարողական հիմնարկներում» խորագիրը կրող աշխատաժողովին քննարկվել են քրեակատարողական համակարգում թվայնացման առանձնահատկությունները, եվրոպական մի շարք երկրների թվայնացման համակարգերի արդիականացման հաջողված փորձերը, առաջացած մարտահրավերները։ Բացի այդ՝ անդրադարձ է կատարվել հանցագործություն կատարած անձանց կառավարման համակարգերի միջոցով տվյալների հավաքագրմանն ու մշակմանը, արհեստական բանականության կիրառմանը, քրեակատարողական հիմնարկներում բիզնես-ինտելեկտի միջոցով կանխատեսելի վերլուծությունների իրականացմանը և տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի։

Աշխատաժողովին մասնավորապես ուսումնասիրվել են հանցագործություն կատարած անձանց կառավարման համակարգի արդիականացման խորվաթական, իռլանդական, շվեդական, էստոնական փորձերը: Միևնույն ժամանակ ներկայացվել են Գերմանիայի և Ֆինլանդիայի քրեակատարողական հիմնարկներում կիրառվող թվային ծրագրերի արդի վիճակը և տեսլականը։

Քննարկվող թեմաների համատեքստում Ռաֆայել Հարությունյանը եվրոպական գործընկերներին ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում գործարկվող «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»՝ e-Penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը, ինչպես նաև՝ նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Աշխատաժողովի շրջանակներում մասնակիցներն այցելել են նաև Սպլիտի քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատազրկված անձանց պահման պայմաններին, զբաղվածության ապահովմանը, տեսակցությունների և տեսազանգերի տրամադրման առանձնահատկություններին։