Կայացել է ՔԿՀ-ներում հանրակրթական հատուկ ուսումնական ծրագրի իրականացման մանկավարժական խորհրդի նիստը
հուլիսի 12, 2023
2023-2024 թվականի ուսումնական տարվա գործընթացները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով տեղի է ունեցել հանրակրթական հատուկ ուսումնական հաստատության ծրագրի իրականացման մանկավարժական խորհրդի նիստը: Նիստին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և նրա տեղակալ Հովհաննես Մարգարյանը:
Բացման խոսքում ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը ներկայացրել է նիստից ակնկալվող արդյունքները, խոսել քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող կրթական գործընթացների կազմակերպման տեսլականի վերաբերյալ՝ էքստեռն քննություններ, դասասենյակները լաբորատոր սարքավորումներով համալրում, դասընթացների արդյունքի հաշվետվողականություն:
Նիստի ընթացքում Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը ներկայացրել է 2022-2023 թվականների ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքները և ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկները՝ վերլուծելով հաճախելիությունն՝ ըստ քրեակատարողական հիմնարկների:
Խոսելով քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերի առավել արդյունավետ իրականացման մասին՝ Ծովինար Թադևոսյանն ասել է, որ մշտապես քննարկվում են կրթական գործընթացների կազմակերպման խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ հետագայում որոշ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է վերասոցիալականացման, այդ թվում՝ կրթական գործընթացները կենտրոնացնել և իրականացնել մեկ տեղում, որն ավելի դյուրին կդարձնի կազմակերպչական աշխատանքները ևս։ Տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանն էլ իր հերթին առաջարկել է ուսումնական ծրագրերի վերանայում և թարմացում:
Ի դեպ, նոր ուսումնական տարում քրեակատարողական հիմնարկներում հանրակրթական ծրագրերում կներդրվի «Հոգեբանություն» առարկան:
Նիստի վերջում ուսուցիչները ուսումնական գործընթացների կազմակերպման վերաբերյալ հարցեր են ուղղել հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանին: