Կանխվել է թմրամիջոցներով փաթեթի ներնետման փորձը «Հրազդան» ՔԿՀ-ում
հոկտեմբերի 20, 2021
2021 թվականի հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի բնակիչը ներնետման եղանակով փորձելու է հիմնարկի տարածք փոխանցել թմրամիջոցներ՝ նախատեսված որոշ դատապարտյալների համար: Իրացնելով վերոնշյալ օպերատիվ տեղեկությունները՝ Հրազդանի բաժնի և «Հրազդան» ՔԿՀ-ի ծառայողները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, հիմնարկի հետնամասից տարածք թմրամիջոց նետելու պահին բռնել են քաղաքացի Վ. Մ.-ին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 33 առանձին փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 635,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 17,4 գրամ քաշով զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 6,8 գրամ քաշով սպիտակ և կապույտ, փոշենման զանգվածներ, ինչպես նաև ծխամորճ՝ հաշիշի յուղին նմանվող հեղուկով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: